Ծառուկյանի հայտարարությունը ուշանում է. անորոշություն ԲՀԿ-ում


Ծառուկյանի հայտարարությունը ուշանում է. անորոշություն ԲՀԿ-ում
Հունվար 17 12:04 2017

Այս օրերին քաղաքական ուժերը հստակեցնում են իրենց հնարավոր մասնակցության հարցը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Տարբեր ուժերի միջեւ ընթանում են խորհրդակցություններ, քննարկումներ դաշինքով հանդես գալու վերաբերյալ: Իշխող Հանրապետական կուսակցությունն էլ հստակեցնում է իր հնարավոր թեկնածուների անունները: Armday.am-ը իր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր այն քաղաքական ուժերին եւ անհատներին, ովքեր ցանկություն են հայտնել առաջադրել իրենց թեկնածությունը:

Անորոշություն է միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունում: ԲՀԿ-ականները սրտատրոփ սպասում են իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որը ըստ տեղեկությունների լինելու էր տոներից անմիջապես հետո: Սակայն քաղաքականությունից հեռացած Ծառուկյանը չի շտապում հայտարարել իր քաղաքականության վերադառնալու մասին: Մեր ունեցած տեղեկություններով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռեւս վերջնական չի հստակեցրել իր դիրքորոշումը: Նշենք, որ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը օրերս հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը չի ուշանա: «Գագիկ Ծառուկյանը 2016 թվականի տարեվերջին հայտարարել էր, որ այդ հարցի հետ կապված անձամբ հայտարարություն կանի: Այդ հայտարարությունում հնչելու են հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասել էր Տոնոյանը:

Մինչդեռ առանձին ԲՀԿ-ականներ նեղ «կռուգում» բողոքել են, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ուշանում է, եւ իրենք էլ չգիտեն թե ինչ են անելու: Սա է նաեւ հիմնական պատճառը, որ ԲՀԿ-ականները այս օրերին անցել են ընդհատակ, եւ որեւէ կերպ չեն մեկնաբանում իրենց մասնակցության հարցը առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Ի դեպ ըստ տեղեկությունների Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո ԲՀԿ-ականները այլեւս խիստ  ընդդիմադիր հայտարարություններով հանդես չեն գա, նրանք այս օրերին մշակել են իրենց խոսքը, որպեսզի խուսափեն հնարավոր սայթաքումներից:

Փայլակ Ֆահրադյան