Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր.


Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր.
Հունվար 17 11:01 2017

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ եւ հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար եւ ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները:

Նախարարությունից  հայտնում են, որ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրին, Սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրակավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրին: Այդ համատեքստում նախարարն առանձնացրել է մի շարք կարեւոր ձեռքբերումներ, մասնավորապես, դատավորների միջեւ գործերի բաշխման էլեկտրոնային մեխանիզմի ներդրում, դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափորոշիչների սահմանում եւ այլն:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաեւ վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված աշխատանքներն ու արդարադատության ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարները:

Արփինե Հովհաննիսյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԵԽ երեւանյան գրասենյակին տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության համար եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն արդյունավետ շարունակելու նպատակով: