Դե ուրեմն թող տեր կանգնի. Իգնատի Առաքելյանը՝ Հովիկ Աբրահամյանին


Դե ուրեմն թող տեր կանգնի. Իգնատի Առաքելյանը՝ Հովիկ Աբրահամյանին
Ապրիլ 20 13:23 2017

ՀՀ Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները: Նրանք գործադիր իշխանությունից պահանջում էին քայլեր ձեռնարկել, որպեսզի «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը իրենց պարտքը վճարի:  

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղցրաշենցիների խնդրին, նշեց, որ տեղյակ է, որ այսօր կրկին քաղցրաշենցիները բողոքի ակցիա են իրականացնում եւ պահանջում իրենց գումարը: Ըստ նրա վարչապետի, իրավապահ մարմինների հետ քննարկումներ են իրականացվում լուծում գտնելու համար: Նախարարը նշեց, որ «Վինարի» հետ կապված ամեն ինչ անօրինական է ու այս իրավիճակից ելք չկա:

«Այդ գործարքի մեջ ամեն ինչն էլ անօրիանական է, «Վինարը» լիցենզիա չունի, սպիրտ չունի, դրա համար էլ գործը տվել ենք իրավապահ մարմիններին»,-նշեց նախարարը:

Հարցին՝ չի՞ կարծում, որ ստեղծված իրավիճակը հետեւանք է նրա, որ ժամանակին կառավարությունը ստիպեց խաղողագործներին՝ ասելով «դիմեք, մենք տեր ենք», Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ով ստիպել է, թող տեր կանգնի»։

Դիտարկմանը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ստիպել, նախարարն արձագանքեց. «Դե ուրեմն թող տեր կանգնի, ինչ ասեմ»:

Նշենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 70 միլիոն դրամ: