«Առավոտ». «Միլիցու» գործառույթը


«Առավոտ». «Միլիցու» գործառույթը
Հունվար 17 09:55 2017

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «70-ականների կեսերին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդիպել էր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Դասախոսներից մեկը բողոքեց պետական մարմիններում համատարած կաշառակերությունից: Հանրապետության ղեկավարի պատասխանը հետեւյալն էր.«Է, մի տվեք»: Դա ինձ հիշեցնում է ներկայիս իշխանությունների, մասնավորապես վարչապետի՝ նմանատիպ հարցերի մշտական պատասխանը՝ «Փաստեր ունեք, ասեք», կամ «Դեպքեր գիտեք, դիմեք իրավապահներին»:

Երկու դեպքում էլ համակարգային խնդրի լուծման ողջ պատասխանատվությունը դրվում է քաղաքացու վրա: Դարձյալ կոնկրետ դեպք պատմեմ՝ կոմունիստական անցյալից: Տառապում էի ատամնացավից, բժիշկն ասաց՝ գնա ատամդ նկարի: Մտա համապատասխան պոլիկլինիկա, եւ ինձ ցույց տվեցին ատամիս ռենտգեն անելու այնպիսի երկար ճանապարհ, որ դա կտեւեր առնվազն երեք օր: Խոսակցությունը կտեւեր եւս կես ժամ, եթե չասեի կախարդական նախադասությունը՝ «Ես շնորհակալ կլինեմ», որից հետո խնդիրը շատ արագ լուծվեց՝ 5 ռուբլով:

Համակարգային լուծումն այստեղ պարզ է՝ ձեւեր չթափել, իբր բժշկություն անվճար է, պոլիկլինիկայի պատին փակցնել գնացուցակը եւ հիվանդներին ուղղորդել դեպի դրամարկղ:

Այսօր այս խնդիրը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե սկզբունքորեն լուծված է: Իսկ եթե հիմա ինձ պետք է, որ «կադաստրն» ինձ սեփականության վկայական տա, կամ ապրանք եմ ցանկանում մաքսազերծել: Պայքարեմ օրինական ճանապարհո՞վ, բողոքեմ, որ ինձնից կաշա՞ռք են ուզում: Բայց ինչո՞ւ եք ուզում ինձնից «միլիցա» սարքել, երբ կան պետական մարմիններ, որոնք ունեն «միլիցու» գործառույթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում