Սյունիքում ստեղծվում է ազատ տնտեսական գոտի. Ակնկալվում է 350-400 մլն դոլարի ներդրում


Սյունիքում ստեղծվում է ազատ տնտեսական գոտի. Ակնկալվում է 350-400 մլն դոլարի ներդրում
Ապրիլ 19 13:08 2017

Այսօր «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև ստորագրվեց ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին պայմանագիր: Այն ստորագրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Ղուկասյանը:

Պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գոտու ստեղծման համար մշակվել են ծրագրեր, գտնվել ներդրող և ընդունվել է ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշումը և ստորագրվել պայմանագիր կազմակերպչի հետ:

«Առաջին փուլում կազմակերպչի կողմից կիրականացվի շուրջ 10 մլն դոլարի ներդրում, իսկ ԱՏԳ գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավվել շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականցնեն 350-400 մլն դոլարի ներդրում, կստեղծվեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կկազմի շուրջ 80-100 մլն դոլար», - ընդգծեց նա:

Նախատեսվում է ազատ տնտեսական գոտին շահագործման հանձնել մինչև տարեվերջ: