Իշխանությունը դառնում է մի մեծ ՍԱՍ գրուպ. քաղաքագետ


Իշխանությունը դառնում է մի մեծ  ՍԱՍ գրուպ. քաղաքագետ
Ապրիլ 17 18:00 2017

ՍԱՍ գրուպի նախընտրական ժողովի սկանդալային ձայնագրությունը շարունակում է ակտիվորեն քննարկվել: Նախորդ շաբաթ համացանցում հայտնված ձայնագրության փաստով Հատուկ քննչական ծառայությունում հետաքնություն է սկսվել, մինչ այդ հասարակական ու քաղաքական սեկտորից հնչեցին պահանջներ, ուղղված ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի հասցեին: Այն է՝ Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը պետք է հրաժարվի պատգամավորական մանդատից: Իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկներ կատարվածին անդրադառալով հայտարարեցին, թե դեռեւս պարզ չէ, տեղյակ եղել է արդյո՞ք Արտակ Սարգսյանը նախընտրական ժողովից, թե ոչ: Ի դեպ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն ժողովը վարել է Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:

Ինչպես կվարվի իշխանությունը Արտակ Սարգսյանի հետ: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Armday.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե իշխանությունը կզրկի Արտակ Սարգսյանին մանդատից, ասաց, թե ըստ էության գործող իշխանությունը երկընտրանքի առաջ է կանգնել: «Այն ինչ տեղի ունեցավ ՍԱՍ գրուպ ընկերության, կամ գոնե այդ ձայնագրությունը, որը կապվում է նրանց հետ, դա որեւէ կասկածի տեղիք չի տալիս, որ տեղի ունեցածը տրաֆիքինկգի պես բան է, եւ քրեական հանցագործություն է»,- ասաց Մեհրաբյանը: Ըստ նրա իշխանությունը կամ դառնում է մի հատ մեծ ՍԱՍ գրուպ, իր վրա վերցնելով ողջ մեղքը, մտնելով այդ մեղքի պատասխանատվության տակ: «Բացի այդ կա այլ տեսակետ, որ իշխանությունն ուղղակի ձեռքերը լվացնում է այդ ամենից: Կա նաեւ երրորդ տարբերակը, որ Արտակ Սարգսյանը ինքն է կամավոր հրաժարվում այդ մանդատից, հանձնվելով իշխանության ողորմածությանը»,- ասաց քաղաքագետը: Այս պահին հստակ չէ, թե տարբերակներից որը կընտրի իշխանությունը:

Փայլակ Ֆահրադյան