«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այսօր տեղափոխվել է Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Հովհաննես Հարությունյանը շատ վատ առողջական վիճակում է, նա ներքին օրգանների ցավեր ունի՝ լյարդի, երիկամների, աղիքների, նույնիսկ սիրտն է ցավում»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ անտեսելով բոլոր որոշումները, երկու օր ձգձգելուց հետո Հովհաննեսին ոչ աշխատանքային օրով տեղափոխել են Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն, սակայն այնտեղ մի քանի վարժություններ անելուց հետո, կրկին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
«Կրկին անգամ անտեսվեց և արհամարվեց եվրոպական դատարանի որոշումը, որի մեջ հստակ նշված էր՝ ստացիոնար բուժում։ Նույնիսկ գանգատներն են անտեսվում և ասում են, որ իրենց ասվել է, որ միայն ոտքը պետք է բուժվի և իրենց մոտ ներքին օրգանների հետ կապված ոչինչ չեն կարող անել, քանի որ այն ընդամենը վերականգնողական կենտրոն է։ Ես չեմ հասկանում, թե ինչու են այդ դեպքում Հովհաննեսին այնտեղ ուղարկել, քանի որ եվրոպական դատարանը ընդամենը նշել է, որ հատուկ ուշադրություն դարձնեն վիրավոր ոտքին, այլ ոչ թե միայն ոտքին»,- շեշտեց Հայարփի Սարգսյանը։
Նրա պնդմամբ՝ կրկին անգամ խախտում են իր պաշտպանյալի բուժօգնություն ստանալու իրավունքը։
«Այս պահին Քրեակատարողական վարչությունն է պատասխանատու, որովհետև այնտեղի աշխատակիցները տարան և նորից տեղափոխեցին «Նուբարաշեն»՝ նշելով, որ այդպիսի հրաման ունեն, սակայն հրաժարվեցին պատասխանել, թե ում հրամանն են կատարում։ Ի դեպ, այդ հրամանը ապօրինի է՝ կրկնում եմ, որովհետև եզրակցությամբ հստակ նշված է՝ ստացիոնար բուժում»,- պնդեց նա։
Այն հարցին, թե որո՞նք են լինելու իր հետագա գործողությունները, փաստաբանը նշեց․ «Ես քիչ առաջ ՄԻՊ-ի արագ արձագանքման վարչությանը տեղեկացրեցի՝ մտածելով, որ թեկուզ ոչ աշխատանքային օր է, բայց իրենք ինչ-որ քայլ կձեռնարկեն, սակայն դեռ անորոշ է՝ ինչ-որ քայլ կլինի, թե՞ ոչ»։
«Մեզ ասացին, որ երեքշաբթի օրը Հովհաննեսին կարող ենք տանել և նորից վերականգնողական աշխատանքներ կատարել որտքի հետ կապված, բայց ես չեմ հասկանում, եթե մարդը ներքին օրգանների հետ կապված խնդիր ունի ինչո՞ւ են միայն ոտքին ուշադրություն դարձնում կամ ինչո՞ւ անբուլատոր և ոչ ստացիոնար։ Կարծում եմ սա ինչ-որ մեկի քմահաճույքն է և առայժմ պարզ չէ, թե ում։ Սա պարզապես անմարդկային քայլ է նրա նկատմամբ»,- եզրափակեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին եզրակացությունն էր կայացվել բժշկական կոնսիլյումի ժամանակ, ըստ որի Հովհաննես Հարությունյանին անհրաժեշտ էր ստացիոնար բուժում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն այդ եզրակացությունը կայացնելուց հետո պետք է նրան անմիջապես տեղափոխեին համապատասխան հիվանդանոց, բուժումը իրականցնելու համար։