Ստամբուլում Չաղլայանի արդարադատության պալատում հունվարի 16-ից մեկնարկում են պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը: Ինչպես հաղորդում է «Ակօս» պարբերականը, դատական նիստերը կշարունակվեն մինչև հունվարի 20-ը:
Պաշտպանական խոսքով է հանդես գալու Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը:
Դինքի ընկերները հերթական դատական նիստի մեկնարկից առաջ հավաքվել են Չաղլայանի արդարադատության պալատի դիմաց: Հավաքվածների անունից հանդես եկող Բյուլենթ Այդընն իր ելույթում ասել է. «10 տարի է` չկա Հրանտը, չկա արդարությունը»: Նա հիշեցրել է, որ Դինքի սպանության օրը «Ակօս» պարբերականի դիմաց լինելու է հիշատակի արարողություն:
Ստամբուլի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։