Վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ


Վարչապետին է ներկայացվել ՏՀՏ ոլորտի զարգացման նախագծերի փաթեթ
Հունվար 16 17:59 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել մինչեւ 2025 թվականը շուկայի պահանջներին բավարարող ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման, բուհերի կարողությունների զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության ապահովման, ՏՀՏ ոլորտի ընկերությունների խթանման առարկայական նախագծերի փաթեթ: Այն մշակվել է շահագրգիռ գերատեսչությունների եւ ոլորտի ներկայացուցիչների համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում: Փաթեթը նախատեսում է մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներ եւ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող կոնկրետ նախագծեր՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ: Փաթեթով նախատեսվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է մինչ 2025 թ.-ը ՀՀ-ում ստեղծել 40 հազար ինժեներական աշխատատեղ, հայաստանյան ՏՀՏ ոլորտ ներգրավել ոչ միայն սփյուռքահայ, այլ նաեւ արտերկրի բարձրակարգ մասնագետների:

Վարչապետը ողջունել է ներկայացված ծրագրային փաթեթի մշակումը եւ կարեւորել պետական գերատեսչությունների, ՏՀՏ ոլորտի ընկերությունների եւ կրթական կենտրոնների միջեւ ակտիվ ու շարունակական համագործակցությունը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ քայլեր իրականացնել՝ բարձրակարգ մասնագետների պատրաստման, ոլորտի խթանման նպատակով: Գործադիրի ղեկավարը հորդորել է ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչներին ներկայացնել նաեւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել քննարկել բիզնեսի խթանմանն առնչվող բոլոր հարցերը եւ առաջարկել ձեւակերպել, թե որ օրենքի, կառավարության որ որոշման փոփոխությունը կարող է նպաստել ՏՀՏ ծրագրերի իրականացմանը:



loading...