1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Առաջ աշխատանքի էի գնում շորտերով, հողաթափերով, հիմա պիտի սովորեմ կոստյումին ու փողկապին. Գևորգ Գորգիսյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է ապրիլի 2-ի ընտրություններում «Ելք» դաշինքից 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Գևորգ Գորգիսյանը: Նա մեզ hետ հանդիպմանը եկել էր կնոջ՝ Գայանեի հետ, ում խոսքով՝ ամուսինը նպատակասլաց է, շատ դեպքերում ինքնասածի, մեկ-մեկ դյուրագրգիռ: Գորգիսյանների ընտանիքի համար նախընտրական քարոզարշավը փորձություն է եղել, որը պատվով են անցել. կինը եղել է ամուսնու վստահված անձը, ամբողջ ընթացքում սատարել ու չի թողել թևաթափ լինել:

-Պրն. Գորգիսյա՛ն, հասարակության որոշակի զանգված Ձեզ ճանաչում էր «ԴԵՄ ԵՄ» շարժումից, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք մտնել մեծ քաղաքականություն, սա Ձեր ցանկությունն է, թե՞ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի առաջարկը:

-«ԴԵՄ ԵՄ» շարժման արդյունքում հանգեցինք այն մտքին, որ քաղաքականության մեջ առկա մարդիկ պատրաստ չեն, չեն ուզում լսել հասարակության ձայնը, հասկացանք, որ ուղղակի անիմաստ է մարդկանցից պահանջել այն, ինչ իրենք չեն կարող, կամ չեն ուզում անել: Որպես այլընտրանք տեսանք, որ պետք է գանք ուղղակի իրենց փոխելու, որպեսզի քաղաքկանության մեջ լինեն ներկայացված ժողովրդի ներկայացուցիչները, լինեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են լսել, ծառայել ժողովրդին:

-Ի՞նչ նշանակություն ունեին այս ընտրությունները անձամբ Ձեզ համար, ի՞նչ են փոխել դրանք Ձեր կյանքում:

-Սա ավելի շուտ ոչ թե մեր, այլ հասարակության քննությունն էր՝ մեր երկրում արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր դժգոհ են այս իրավիճակից և պատրաստ են ինչ-որ բան փոխել, որովհետև փոփոխությունները, ամեն դեպքում, պատասխանատվություն են ենթադրում նաև ու գործողություն, այսինքն սեփական հարմարավետության շրջանից պետք է դուրս գալ և ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի գան այդ փոփոխությունները: Եվ պարզվեց՝ 122.000 մարդ մեր երկրում կա, ովքեր պատրաստ են այդ քայլերը անել՝ առնվազն գնալ ընտրության և իրենց ձայնը տալ «ԵԼՔ» դաշինքին, որը շատերը համարում էին, որ չի կարող անցնել շեմը և հայտնվել խորհրդարանում, բայց փորձը ցույց տվեց, որ երբ մարդիկ աշխատում են քրտնաջան՝ առանց ոչ մի բանի դիմաց կանգնելու, երբ կան մարդիկ, ովքեր հավատում են այդ մի խումբ քաղաքացիներին, հասնում ես արդյունքի՝ կարևորը այդ հավատն է և ոչնչի առջև կանգ չառնելը:

-Ի՞նչ էր կատարվում, երբ իմացաք, որ անցել եք խորհրդարան և հիմա՝ պատգանավոր ընտրվելուց հետո, որևէ բան փոխվե՞լ է Ձեր կյանքում:

-Իրականում դեռ չէ, որովհետև այդ բուն պրոցեսը դեռ չի սկսվել, ամսի 27-ին կլինի առաջին նիստը և ամսի 27-ից մենք կհասկանանք, թե իրականում ինչի մեջ ենք հայտնվել (ժպտում է), բայց կարգավիճակի փոփոխություն կա, որը դեռ, իրականում, չենք էլ հասցրել գիտակցել, շուտով նոր կպատերացնենք ավելի հստակ, թե ինչ է սպասվում և ինչ կարող ենք անել, ինչ կարող ենք փոխել այս երկրում: Իրականում, պատրաստ էինք սրան. այն պահից, ինչ ստեղծվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մենք գնում էինք սրան՝ մտնելու մեծ քաղաքականություն և բերելու այդ փոփոխությունները: Հիմա, կարծես թե, առաջին փուլը կատարված է՝ հասանք մեր նպատակին ինչ-որ չափով, 9 մանդատով, բայց հասանք և ժամանակը ցույց կտա, թե հետո ինչ կկարողանանք անել:

-«ԵԼՔ»-ը կատարե՞ց իր առջև դրված խնդիրը, արդյոք գոհ եք գրանցած 7,7 % արդյունքից:

-«ԵԼՔ»-ը կատարեց առավելագույնը, ինչ կարող էր: Այն քարոզարշավը, ինչ մենք արեցինք այն սուղ միջոցներով, որ ունեինք, անհնարինի ժանրից էր: Փորձագետների մեծամասնությունը անհնարին էր համարում նաև «ԵԼՔ»-ի՝ խորհրդարանում հայտնվելը: Նաև Երևան-մարզեր մեծ տարբերությունը կար, որովհետ Երևանում, չմոռանանք, «ԵԼՔ»-ը 15 % է հավաքել: Մարզերում մարդիկ հասցվել են աղքատության այն ներքևի շեմին, երբ կարոտ են այդ ընտրության ընթացքում բաժանվող տարբեր տեսակի միջոցներին՝ սկսած դրամից, վերջացրած ալյուրով, շաքարավազով և այլնով: Հենց դա էր, որ մարդիկ կարողացան մարզերում նաև հաղթահարել գայթակղությունը, նյութական շահը և այդ ամենին դեմ գնալով՝ ձայն տալ «ԵԼՔ» դաշինքին: Կարծում եմ, գոհացուցիչ են արդյունքները:

-Հետընտրական զարգացումներ չեղան, սա ինչո՞վ եք պայմանավորում, դաշինքի առաջնորդներն էլ կարծես տարբեր կարծիքներ ունեին ընտրությունների ընթացքի վերաբերյալ. Մարուքյանը նշեց, թե դրանք անցել են առանց էական խախտումների, մինչդեռ Սարգսյանը հայտարարեց, որ դրանք կեղծվել են:

-Մարդկանց իրական կամարտահայտությունը չեղավ ընտրություններում, այսինքն այդ կողմից լեգիտիմ համարել, մի քիչ վերապահումով կմոտենայի, բայց այն, ինչ մարդիկ ընտրել են, դա մենք ունեցանք, որովհետև «ԵԼՔ» դաշինքին տրված ամեն մի քվե ամեն մի տեղամասում մենք պահել ենք: Երևի թե ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընդդիմությունը կարողացել է ամեն տեղամասում ապահովել վերահսկողություն, միգուցե մի քանի գյուղ Շիրակի մարզում, մի երկու գյուղ էլ Սյունիքի մարզում է եղել, որ բաց ենք թողել, բայց հիմնականում՝ 90 %-ով մենք ծածկույթ ապահովել ենք: Եվ այդ պատճառով ընտրությունները, որպես պրոցես, անցել են գրեթե անթերի, եղել են խախտումներ, որոնց արդյունքում հարուցվել են գործեր և մարդիկ կպատժվեն շուտով, ես համոզված եմ:

Այն, որ եղել են պետական ճնշումներ, պետական ռեսուրսի ներգրավում, ընտրակաշքի բաժանում, այդ ամենը արդեն թույլ է տալիս պնդել, որ դա մարդկանց իրական կամքը չէր, որովետև հիմա էլ եթե դուրս գանք փողոց, 10-ից 7-8-ը կբողոքի երկրի իրավիճակից, ՀՀԿ-ից, բայց փորձը ցույց է տալիս, որ ամեն երկրորդը ընտրել է ՀՀԿ-ին: Սա նաև նոր ընտրական կարգի շնորհիվ է, որովհետև ամբողջ ընտրական պրոցեսը անձնավորվեց, այսինքն մարդիկ գնում էին ընտրելու անձի՝ առանց գիտկացելու, որ այդ անձը ներկայացնում է ՀՀԿ-ին, նույնիսկ շատ դեպքերում այդ անձանց բուկլետների վրա չկար գրված ՀՀԿ-ի անունը, ընդամենը նշվում էր վերցրեք 6-րդ քվեաթերթիկը և նշեք ինձ՝ առանց նշելու, որ 6-րդը ՀՀԿ-ի քվեաթերթիկն է:

-«ԵԼՔ»-ի թիկունքում այս ընթացքում տեսան Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին, համարեցին իշխանության հերթական պրոեկտ, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս պիտակավորումներին, բացառո՞ւմ եք, որ երբևէ ձեր ու իշխանության միջև որևէ համագործակցություն հնարավոր է:

-Համագործակցություն հնարավոր է մի պարագայում, երբ մենք կգանք իշխանության, այսինքն երբ «ԵԼՔ»-ը կհավաքի 54 % , կունենա 54 մանդատ, մենք կմտածենք, թե  որ ուժերի հետ կարելի է համագործակցել: Այս պարագայում քանի դեռ ՀՀԿ-ն է իշխանութան, մենք բացառում ենք նրանց հետ որևէ տիպի համագործակցություն, իսկ այն բամբասանքները, որ կան, ուղղակի բամբասանքների մակարդակից վերև չեն գնում, որովհետև չկա որևէ փաստ և չի էլ կարող լինել իրականում, ուղղակի եղան ուժեր, ովքեր թեև պնդում էին, որ իրենք են միակ լեգիտիմ, իրական ընդդիմությունը, բայց ժողովրդին ուղղակի նրանք այլևս չեն հետաքրքրում և ժողովուրդը չուզեց նրանց տեսնել խորհրդարանում և նրանք այժմ նեղացած ժողովրդից, նեղացած նույնիսկ այն ուժերից, ովքեր իրենց խոստացել էին, որ իրենք կհայնտվեն խորհրդարանում, փորձում են իրենց չկատարած գործերը արդարդացնել՝ մեղադրելով մեզ ինչ-որ մեկի օգնությունը ունենալու մեջ:

Մեր թիկունքին կանգնած մի ուժ կա, դա այդ 122.000 քաղաքացիներն են, որ սատարեցին մեզ, որ իրենց ձայնը տվեցին մեզ: ԼՀԿ-ի ստեղծման պահից մենք ասել էինք, որ զարգացնելու ենք ընտրողի ինսիտուտը ընդեմ քվերակողի և այդ 122. 000-ը մեզ ընտրեցին, ոչ թե ուղղակի քվեարկեցին այդ մեկանգամյա պրոցեսում, նրանք նաև մեզ վերահսկում են, մեզ հետ ամենօրյա կապի մեջ են: Կոնկրետ ինձ ձայն տված 3000 հոգուց գրեթե բոլորը ինձ ձանգել են, շնորհավորել են, իմ հետ կապի մեջ են և ես պատասխանատու եմ իրենց առաջ, նրանք իմ թիկունքն են ու նաև ինձ վերահկսող մարմինը:

-Հետաքրքիր է, պատգամավորի խիստ պաշտոնական ոճը որևէ կերպ Ձեզ չի կաշկանդելո՞ւ, մինչև սա ի՞նչ ոճ էիք նախընտրում, դժվա՞ր կլինի անցումային փուլը:

-Ես ծրագրավորող եմ և աշխատանքի շատ ազատ ոճով էի ներկայանում: Հատկապես տաք ամիսներին ես աշխատանքի էի գնում շորտերով, նույնիսկ հողաթափերով (ծիծաղում է), բայց հիմա արդեն ամենապաշտոնական տեսքով պիտի ներկայանամ աշխատանքի՝ կոստյում, փողկապ: Կսովորեմ: Դեռ չգիտեմ ինչպես կլինի, ես կկարոտեմ, միանշանակ, իմ այդ ազատ ոճը, բայց արձակուրդներին երևի հնարավորություն կունենամ ինձ այդ ազատությունը թույլ տալու, դեռ չեմ դժգոհում, ժամանակը ցույց կտա:

-Ի՞նչ ակնկալիքներ, սպասումներ ունեք ապագա խորհրդարանից, կա՞ մի բան, որ առաջինն եք փորձելու փոխել ԱԺ-ում:

-Առաջին հերթին փոխելու ենք ընդդիմության աշխատանքի ոճը, որովհետև տարիներ շարունակ մենք ունեցել ենք ընդդիմություններ, ովքեր ասելով, թե միևնունն է, մեծամասնությունը ՀՀԿ-ն է , ոչինչ հնարավոր չէ անել, ուղղակի անգործության են մատնվել: Մենք առաջին իսկ օրվանից շատ ակտիվ աշխատելու ենք, այն ամենը, ինչ ունենք մեր ծրագրում գրված, փորձելու ենք ներկայացնել ԱԺ-ում, թող ՀՀԿ-ն մերժի դրանք, մենք հետո կտեսնենք դրա արդյունքները, բայց մենք անելու ենք այն, ինչ կախված է մեզանից, մի բան էլ ավել, վստահեցնում եմ:

-Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը գնալու է «ԵԼՔ»-ի, ՀՀԿ-ի ու «Երկիր Ծիրանի» կուսակցության միջև, այդ առումով, հիմնական պայքարը տեսնում եք երկու ընդդիմադիր ուժերի միջև, թե՞ ձեր ու ՀՀԿ-ի:

-Մենք մեր հիմնական հակառակորդը համարում ենք ՀՀԿ-ին և հենց իր դեմ ենք պայքարելու: Զարուհի Փոստանջյանին նույնպես առաջարկներ եղան միասին գնալու, ինչը մերժվեց, բայց, ամեն դեպքում, դա նրա որոշումն էր: Մենք հստակ ունենք թիրախ՝ դա քաղաքապետ դառնալն է և որպես լուրջ հավակնող այդ պաշտոնին տեսնում ենք ՀՀԿ-ին և հենց իր դեմ էլ պայքարելու ենք: Այն թերությունները, արատները, որ մեր Երևանում վերջին տարիներին կուտակվել են, այդ ամենի մեղավորը հենց ՀՀԿ-ն է և մեր հիմնական թիրախը լինելու է հենց այն: «Երկիր Ծիրանին», չեմ կարծում, որ ունի այն քաղաքական կշիռը, որ իր դեմ իմաստ ունենա հիմա պայքարել: Նոր ձևավորված ուժ է, դեռ կայացման փուլում, ես նույնիսկ իրենց ծրագրերին ծանոթ չեմ, թե ինչ են ուզում իրենք փոփոխել:

-«ԵԼՔ»-ում որոշակի նեղվածություն չկա՞ Զարուհի Փոստանջյանից:

-Չէ՛, բացարձակ, քաղաքականությունը նման բաներ չի ենթադրում, քաղաքականությունը, ամեն դեպքում, հնարավորինի արվեստ է և մենք փորձեիցնք այդ հնարավորւթյունը օգտագործել նաև Զարուհուն ներգրավելով, բայց չստացվեց: Ամեն դեպքում, ուրախ կլինեմ, որ «Երկիր Ծիրանին» ունենա իր ընդդիմադիր խմբակցությունը քաղաքապետարանում: Կարծում եմ, նաև այնտեղ կկարողանանք համագործակցել տարբեր հարցերում, նաև քաղաքապետի ընտրության հարցում միգուցե նրանք կարողանան որոշիչ դեր կատարել:

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ ստացել ու փոխանցել եք երբևէ:

-Դպրոցն ավարտելիս հայրս շատ հետաքրքիր խորհուրդ տվեց. ասաց՝ ուրախացիր այն ամենով, ինչ ունես, բայց երբեք մի բավարարվիր, որովհետև եթե չուրախանաս, չես գնահատի այն, ինչ ունես ու արժանի էլ չես լինի նույնիսկ դրան, կորցնելուց հետո նոր միայն կսկսես գնահատել: Այնպես որ պետք է ուրախանալ ունեցածով ու գնահատել դա, բայց երբեք պետք չէ բավարարվել ունեցածով, որովհետև կարող ես ունենալ ավելին և պետք է ձգտես ունենալ ավելին: Երևի հենց այդ սկզբունքով էլ ես մտա մեծ կյանք և շարունակում եմ ապրել ու նույնը կփոխանցեմ զավակներիս:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:

-Ունեմ երեք երեխա, մեծը չորս տարեկան է, փոքրերը երկվորյակ են՝ տղա և աղջիկ՝ 2,5 տարեկան: Ես ու կինս սովորել ենք Պոլիտեխնիկում, բայց տարբեր բաժիններում: Երբ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում ընդունելություն էր կատարվում, քննություն տվեցինք, ընդունվեցինք և 2005թ. սեպտեմբերին ծանոթացանք:

-Եթե հնարավորություն ունենայիք ընդամենը մեկ խորհուրդ տալ որևէ փոքրիկի, ի՞նչ կուզեիք նրան փոխանցել:

-Ունենալ երազանք, հավատալ երազանքին և երբեք կանգ չառնել երազանքին հասնելու ճանապարհին՝ անկախ նրանից, թե կողքից ինչ կասեն, ովքեր կհամարեն դա անհնարին: Միևնույնն է, եթե դու գիտես, որ դա ես ուզում, գիտես, որ կարող ես դա, ուրեմն դու կարող ես դա, պետք է նպատակաուղղված գնալ դեպի նպատակ:

-Պատգամավոր դառնալը նպատակ էր, թե՞ երազանք:

-Չէ, նպատակ, դա ընդամենը գործիք է, երբեք պաշտոնը իմ կյանքում չի կարող լինել երազանք, դա ընդամենը մի քայլ է, մի փուլ գլոբալ երազանքի, նպատակի համար, որը այն Հայաստանն է, որը երազում էին ունենալ դեռ մեր նախնիները, այն Հայաստանը, որտեղ ամեն մի քաղաքացի կկարողանա ապրել, ունենալ երջանիկ լինելու և հաջողությունների հասնելու հավասար հնարավորություններ, ու մարդիկ կուզենան վերադառնալ այս Հայաստան, ոչ թե այստեղից արտագաղթել:

-Ձեր հորեղբոր՝ Մովսես Գորգիսյանի «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» արտահայտությունը շատերն են սիրում կրկնել: Ե՞րբ է այն գալու, ի վերջո, ըստ Ձեզ:

-Չգիտեմ երբ կգա, բայց պետք է սկսենք այդ ուղղությամբ աշխատել այսօր, որովհետև 20 տարի այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել: 20 տարի է, Հայաստանում զարգացնելով մենաշնորհները, կոռուպցիան, մարդու իրավունքների ոտնահարումը, մենք միայն հետ ենք մղել այդ Հայաստանի գալուստը: Մենք հիմա ուզում ենք հենց այն Հայաստանը, որ մարդիկ հպարտորեն կասեն՝ «Կեցցե այն Հայաստանը, որում ապրում ենք ասօր», ես ուզում եմ հասնենք դրան, ես չեմ ուզում, որ իմ զավակներն էլ շարունակեն կրկնել «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Ես հուսով եմ, մենք կկարողանանք ունենալ այդ Հայաստանը՝ որպես իրողություն:

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը… լի է բազմապիսի իրադարձություններով, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն:

Մի օր ես… հուսով եմ, կկարողանամ հանգիստ խղճով թողնել քաղաքականությունը և զբաղվել գիտությամբ ստեղծագործական գործունեությամբ, ինչի մասին վաղուց երազում եմ, այսինքն քաղականության մեջ կլինեն այնպիսի մարդիկ, ում հանգիստ խղճով կկարողանամ վստահել երկիրը և ես կարորղանամ զբաղվել նաև այն ամեն ինչով, ինչի մասին երազել եմ վաղուց:

Կյանքը մեկ օրում… կարող է փոխվել, կարող է բերել երկար-երկար տարիների սպասվածը և հենց այդ մեկ օրն է, որ կյանքը դարձնում է իմաստալից և տալիս է ուժ առաջ գնալու:

Տարիների ընթացքում… չեմ փոխվի:

Իմ օրերի մեջ… գնահատում եմ ընտանիքս, որ անկախ ամեն ինչից իմ կողքին է և կշարունակի այդ ջերմությամբ ու սիրով լեցուն պահել իմ կյանքը:

Կարինա Սահակյան

Նարեկ Ավանեսյան / Armday.am

loading...
Լրահոս
Oգոստոսի 18-ի աստղագուշակ Երբ տղամարդը վախենում է առաջին քայլն անելուց. հնարավոր պատճառները Բարսելոնայի ահաբեկչությունից հետո 80 մարդ է տեղափոխվել հիվանդանոց Անժելա Սարգսյանի ԱՅՍ լուսանկարը շատ քչերին է հաջողվել տեսնել (ֆոտո) ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով երեխաներ են մահացել ԻՊ ստանձնել է Բարսելոնայի ահաբեկչության պատասխանատվությունը Տղամարդկանց կրիտիկական օրերը. ինչ պետք է իմանալ Քլոե Քարդաշյանի զուգընկերը նրան Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ է նվիրել Բարսելոնան, Ռեալը, Ռոնալդուն և Բեյլն իրենց աջակցությունն են հայտնել Բարսելոնայում ահաբեկչությունից զոհվածների ընտանիքներին Նոր մանրամասներ Տավուշի մարզում այրված ավտոմեքենայում հայտնաբերված մոխրացած զինծառայողի դեպքից. նրան սպանել է զինակիցը ու դին այրել Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները Հարավային Կորեան «կարմիր գիծ» է սահմանել ԿԺԴՀ-ի համար Բարսելոնում մեքենան վրաերթի է ենթարկել 3 ոստիկանի Ավստրիայում մայրը 30 աստիճան շոգին երեխային թողել է մեքենայի մեջ փակված Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը Բարսելոնայում ահաբեկչության հնարավոր մեղավորներից մեկին ձերբակալել են (տեսանյութ) Պետք է անհապաղ իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները.Շարմազանով Բարսելոնայի ահաբեկչության հեղինակները թուրքական ռեստորանում պատանդներ են պահում Չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որ «Ելք» դաշինքը պատրաստվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենսդրական նախագիծ ներկայացնել.Շարմազանով Տավուշի մարզում այրված մեքենայի մեջ հայտնաբերված մոխրացած տղամարդը պայմանագրային զինծառայող էր. Aravot.am ԹԵՍՏ. Մարդկանց միայն 5%-ն է կարողանում ճիշտ պատասխանել այս պարզ հանելուկին Կոուտինյոն դեռ չի կարող խաղալ.Կլոպ Գնացել էի հնդկական ֆիլմի քասթինգի. Գարիկ Մարտիրոսյան (լուսանկար) Մարիամ Մելիքյանը վուլգար տեսքով լուսանկար է հրապարակել (ֆոտո) Ամերիկացիների ավելի քան կեսը դեմ է Թրամփի պաշտոնազրկմանը