Ցեղասպանություն չկա, փոխարենը 1 դար հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան. թուրք մտավորականը հեգնել է Փայլանին դատապարտողներին


Ցեղասպանություն չկա, փոխարենը 1 դար հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան. թուրք մտավորականը հեգնել է Փայլանին դատապարտողներին
Հունվար 16 13:26 2017

Թուրք թատերագետ և սյունակագիր Հիլալ Նեսինը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ ցեղասպանություն բառի գործածման համար խորհրդարանի առաջիկա 3 նիստին մասնակցելու իրավունքից զրկվելուց հետո, Twitter-ի իր էջում գրառմամբ հեգնել է Թուրքիայում ցեղասպանությունը հերքողներին:

Հիլալ Նեսինի գրառումը՝ ստորև.

«Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը կա «Հայի դիակի պես ծանր» արտահայտությունը:

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը երկրի ամբողջ տարածքում կան հայերի կառուցած դպրոցները, եկեղեցիները, ալրաղացները...

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը մեկ դար շարունակ հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան:

Հայ լինելու համար սպանված Հրանտ Դինքը կա, անմեղ տեղը բանտ նետված Սևան Նիշանյանը (գրող, մտավորական) կա, բայց հայկական կոտորած չկա:

Այս գրությունը գրելուս համար քիչ անց ինձ անձնական նամակով «Վայ դու հայի սերմ, հայի բիճ» գրողներ կլինեն, սակայն հայկական կոտորած չկա:

Սովորե՛ք ապրել առանց կեղծիքի:

Հարցրե՛ք ինքներդ ձեզ. «Առանց կոտորածի ապրած գոնե մեկ տարի ունե՞նք»:

Նշենք, որ օրերս ունեցած իր ելույթում Փայլանը հիշեցրել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով: Փայլանին քննադատել են նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները:
«Ցեղասպանություն» եզրույթի համար Կարո Փայլանին պատժել են` զրկելով առաջիկա 3 նիստին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից: