2016 թ․ Հայաստանից անվերադարձ մեկնողների թիվը դարձել է 37 հազար


2016 թ․ Հայաստանից անվերադարձ մեկնողների թիվը դարձել է 37 հազար
Ապրիլ 11 13:48 2017

Հայաստանից միգրացիոն հոսքերն ընդհանուր առմամբ նվազել են, սակայն աճել է անվերադարձ մեկնողների թիվը: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանը: 

Նրա խոսքով՝ միգրացիոն տեղաշարժի մեջ մեծ տոկոս է կազմում երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի համար մեկնողների և անվերադարձ մեկնողների թիվը:

«Տարեկան կտրվածքով՝ երկրից անվերադարձ հեռանում է 35 հազար մարդ, սակայն 2016 թվականին անվերադարձ մեկնողների թիվը դարձավ 37 հազար: Նրանց 47 տոկոսը կազմում են աշխատանքային միգրանտները, իսկ մշտականը՝ 53 տոկոս: Միտում է նկատվում նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի։ Հուսադրող չեն տվյալները, քանի որ միտումը ցույց է տալիս, որ կարող է կրկնվել 90-ականների սկզբի իրականությունը, այսինքն՝ ուղեղների արտահոսք: Հստակ չկա, թե ինչ մասնագետներ են հեռանում, սակայն 20 տոկոսը բարձրագույն կրթություն ստացածներն են: Շոշափելի է բժիշկների և ՏՏ ոլորտների մասնագետների արտահոսքը»,- ասել է  Բեժանյանը:

Բեժանյանի հավաստմամբ՝ Հայաստանից աշխատանքային միգրանտների հիմնական հոսքը լինում է դեպի ՌԴ: Ըստ որում՝ վերջին տարիներին աշխատանքային միգրանտների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված է ոչ թե Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ, այլ ՌԴ տնտեսությունն է թուլացել։ Բեժանյանի խոսքով՝ ընդհանուր միգրացիոն տարիքը 25-54 տարեկանն է, այսինքն՝ վերարտադրողական տարիքն է: