Արցախի կառավարությունը վաճառել է «Արցախգազ» ՓԲԸ-ն


Արցախի կառավարությունը վաճառել է «Արցախգազ» ՓԲԸ-ն
Ապրիլ 10 17:42 2017

Այսօր տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախգազ» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:

Արցախի կառավարությունից  հայտնում են, որ մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել մեկ հայտ՝ «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ կողմից, որն էլ մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող:

Ընկերության լիազոր ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է մրցույթի պահանջներին ու պայմաններին համապատասխան առաջարկություններ ու տվյալներ, համաձայն որոնց՝ ընկերությունը պարտավորվում է «Արցախգազ» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ 505 մլն դրամի ներդրում, աշխատավարձի ֆոնդը չկրճատել ու նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ սակագները չբարձրացնել եւ այլն:

Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ ներկայացուցիչներին եւ հաջողություններ մաղթել ընկերությանը՝ հանրապետության համար կարեւոր նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում: