Ռուսաստանի նախագահի կայքը հաքերային հարձակումների է ենթարկվել


Ռուսաստանի նախագահի կայքը հաքերային հարձակումների է ենթարկվել
Հունվար 15 22:47 2017

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չնայած հարյուրավոր կիբերհարձակումներին, որոնց հետքը տանում են ԱՄՆ, ռուսական կողմը չի շտապում մեղադրել երկրի ղեկավարությանը դրանց կազմակերպման մեջ:

Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին Պեսկովը ասել է NBC ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի նախագահի կայքը հաքերային հարձակումների է ենթարկվել օրական հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր անգամ: Այդ հաքերներից ոմանք կայքի վրա հարձակում են գործում ԱՄՆ-ի տարածքից, Չինաստանի, Հնդկաստանի, եվրոպական երկրների տարածքներից և այսպես շարունակ», - ասել է Պեսկովը:

Վերջինս այսպես է մեկնաբանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ի նկատմամբ իրականացված կիբեռհարձակումների ետևում կանգնած է Ռուսաստանը:

Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ Թրամփը հանդես էր եկել օրեր առաջ ընտրություններից հետո առաջին անգամ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: