Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերությունում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք. վարչապետը՝ Կարայանին


Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերությունում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք. վարչապետը՝ Կարայանին
Ապրիլ 8 17:33 2017

Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք՝ առանց այդ 7500 աշխատատեղի եւ 460 մլն ԱՄՆ դոլարի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, կառավարությունում գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքը քննարկելու ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով նախարար Սուրեն Կարայանին:

Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017 թ. համար 5 գերակա խնդրի և18 միջոցառման կատարման մասին: Մասնավորապես, ներդրումների ներգրավման մասով 2017 թ. սկզբից կազմվել է ներդրումային ծրագրերի ցանկը՝ ըստ կազմակերպությունների և ֆինանսական աղբյուրների, տրամադրվել է պետական աջակցության գործիքակազմ: Տարեսկզբի 53 ծրագրի համեմատ արդեն կա 62 ներդրումային ծրագիր. առաջին եռամսյակի արդյունքներով արդեն ստեղծված է 1800 աշխատատեղ, իրականացված են 65 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ: Նախատեսվում է հստակեցնել այդ ծրագրերի 2018 և 2019 թթ. իրականացվելիք մասնաբաժինները՝ ըստ արդյունքների, դասակարգել ըստ ստեղծվելիք աշխատատեղերի, ներդրումների ծավալի, իրացման շրջանառության ավելացման չափի եւ այլն: Անդրադառնալով մարզային ներդրումային ծրագրերին՝ Սուրեն Կարայանը նշել է, որ հավանության է արժանացել 11 ծրագիր, որից 4-ը ֆինանսավորվել են, իսկ մնացածի մասով աշխատանքները շարունակվում են: Մանրամասներ են ներկայացվել նաև ներդրումային ֆոնդերի գործունեության կազմակերպման վերաբերյալ:

Վարչապետ Կարապետյանը Սուրեն Կարայանից հետաքրքրվել է, թե որքան աշխատատեղ է նախատեսվում ստեղծել 2017 թվականին, եւ որքան ներդրում է դա պահանջում: Ի պատասխան նախարարը նշել է, որ միայն հաստատված ծրագրերի մասով նախատեսվում է ստեղծել մոտ 7500 աշխատատեղ՝ 460 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով: Կառավարության ղեկավարը հատկապես կարեւորել է թեթեւ արդյունաբերության զարգացմանն ուղղված հստակ ծրագրերի նախաձեռնումը՝ հանձնարարելով վերլուծություն ներկայացնել այս ոլորտում հնարավոր աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալի վերաբերյալ: «Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթեւ արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք՝ առանց այդ 7500 աշխատատեղի և 460 մլն ԱՄՆ դոլարի», - շեշտել է վարչապետը:

Սուրեն Կարայանը Կարեն Կարապետյանին մանրամասներ է ներկայացրել նաև Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ստորագրել պայմանագիրը, եւ արդեն սկսվել է նախագծերի շուրջ աշխատանքների իրականացումը: Քննարկվել են նաև ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու և մյուս գերակա խնդիրների ուղղությամբ կատարվող միջոցառումները:



loading...