Վարկային կազմակերպությունից ամանորյա գողության գործով ձերբակալվել է մասնաճյուղի կառավարիչը


Վարկային կազմակերպությունից ամանորյա գողության գործով ձերբակալվել է մասնաճյուղի կառավարիչը
Հունվար 4 08:30 2018

Ամանորի գիշերը վարկային կազմակերպության գրասենյակից կատարված առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից։

Ինչպես արդեն հաղորդել ենք, 2018 թվականի լույս հունվարի 1-ի գիշերը՝ ժամը 00.10-ի սահմաններում, երբ մարդիկ իրենց ընտանիքների հետ նշում էին Նոր Տարին, մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով մուտք է գործել Վանաձոր քաղաքում գործող «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ունիվերսալ վարկային կազմակերպության վանաձորյան մասնաճյուղ, ապա բացել չհրկիզվող պահարանն ու այնտեղից գաղտնի հափշտակել առկա կանխիկ գումարն ու ոսկյա զարդերը՝ շուրջ 20 կգ ընդհանուր քաշով:

Պատճառված վնասը նախնական հաշվարկներով կազմում է մի քանի հարյուր հազար դոլար։

Դեպքի առթիվ 2018 թվականի հունվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գողություն, հարուցվել է քրեական գործ:

 Աղբյուր` Փաստինֆո