Ամերիկյան երազանքի հետևից Միացյալ Նահանգներ շտապող մարդկանց թվին պատանի արտիստ Բեթթիին դասելը սխալ կլինի։ Թեկուզ նրա համար, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը վերջերս նրան հավաստագրել է որպես «Extraordinary» անհատ։
Բեթթի սոցցանցային տիրույթում քո ակտիվությունը վկայում է, որ ԱՄՆ-ում բավականին ծավալուն աշխատանք ես տանում։ Հիմա ստեղծագործական ո՞ր փուլում ես։
Ուսումնասիրման փուլում։ Այսինքն ծանոթանում եմ այն հարթակին, որտեղ շուտով քայլ եմ անելու: Շատ եմ ափսոսում, որ սոցցանցային ու ընդհանրապես ոչ մի տիրույթում չեմ կարող ցույց տալ, թե որքան տարօրինակ ու ծիծաղելի առաջարկներ եմ ստացել, ինչպես օրինակ ոչ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը կամ անունս փոխելը և այլն (ծիծաղում է, հեղ․)։
Խոսենք Միացյալ Նահանգների քո նոր՝ հատուկ կարգավիճակի մասին։
Շատ ուրախ եմ, որ Ամերիկյան կառավարությունն ինձ հանձնեց այդ կարգավիճակը։ Մեծ պատիվ է ինձ՝ իբրև հայ պատանի։
Բեթթի գաղտնիք չէ, որ օտար երկրում հասարակության մեջ ինտեգրվելու ամենակարճ ուղին կրթությունն է։ Դու շարունակում ես քո ուսումնառությունը։ Ընդգծեմ, հատկապես հետաքրքիր է՝ երաժշտության հետ կապված։
Առհասարակ նշեմ, որ կրթությունը ես անչափ կարևորում եմ և բնականաբար այդ հարցին մոտենում եմ ամենայն լրջությամբ։ Այն ժամանակները, որը մենք հիմա ենք ապրում կրթությունն առաջնային տեղ է զբաղեցնում։ Հիմնականում ուշադրությունս սևեռել եմ լեզուների ուսումնասիրմանը և այս ընթացքում սկսել սովորել չորրորդ լեզուն՝ իսպաներենը։ Իհարկե սա չի նշանակում, որ ես երաժշտությունը թողել եմ հետին պլանում։ Հակառակը՝ այժմ սովորում եմ երաժշտական դպրոցում, կատարելագործում երաժշտական վարպետությունս՝ հաճախելով հարվածային գործիքների վրա նվագելու դասերի։ Այո, ես կարծում եմ, որ 21-րդ դարում, եթե մարդը չլինի կրթված, չի կարողանա որևէ բանի հասնել։
Չեմ կարող չխոսել նաև «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի մասին։ Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Մալթայի ներկայացուցչի և քո եվրատեսիլյան «Արևի մարդիկ» երգերն իրար նման են։ Դու ինչպե՞ս ես վերաբերվում այդ փաստին։
Ուղղակի ուրախանում եմ, որ «Արևի մարդիկ» հիշվել են։ Հաջողություն եմ մաղթում։
Հիշում եմ Պատանիների օր ունենալու քո գաղափարը Հայաստանում բազմաթիվ արձագանքներ գտավ։
New Generation հեղինակային պատանեկան նախագծի հետ կապված շարունակո՞ւմ ես աշխատանքներ տանել։ Թե՞ այն այլևս ավարտված պրոյեկտ է։
Հեղինակային այս նախագծի աշխատանքները մինչ օրս դրական, բարի և ուրախ մի շարք միջոցառումների հիմք է դարձել։ Այն հաջորդական քայլերից բաղկացած ծրագիր է և այժմ մտածում եմ, որ հաջորդ քայլը կարող է արվել հայրենիք-սփյուռք կամրջի «վրա», քանի որ մենք՝ New Generation-ի ներկայացուցիչներս, մեր օրերում ունենք դրական երևույթների, դրանց պրոպագանդման կարիք։ Բնակվելով ԱՄՆ-ում, ես այդ ցանկությունը շատ եմ նկատել։ Բայց, քանի որ ես դեռ ընդամենը 14 տարեկան պատանի եմ, բնականաբար միայնակ իրականացնել այդ աշխատանքը չեմ կարող։ Օգտվելով առիթից դիմում եմ մեդիայի, մշակույթի պատասխանատուներին իմ երգերից մեկի՝ «Կարևորը լուսավոր է» երգի բառերով – «Մեծեր մեզ օգնեք, որ մենք չհոգնենք հեքիաթը դարձնել իրական»։ New Generation-ը շարունակական բնույթ կրող նախագիծ է և չեմ կարծում, որ այն մի օր կորոշեմ դադարեցնել։ Նպատակս է Պատանիների օրը դարձնել պաշտոնական օր, որը կտոնեն ամբողջ աշխարհով մեկ։
Շատ արտիսներ չեն սիրում ժամանակից շուտ փակագծեր բացել, նորություններ հայտնել։ Քո դեպքում մենք ի՞նչ նորությունների սպասենք։ Առաջիկայում որտե՞ղ և ինչպե՞ս քո երկրպագուները քեզ կարող են տեսնել և լսել։
Ինձանից կարող եք սպասել շատ ու շատ նորությունների, քանի որ հենց դա է պատճառը, որ ես հիմա գտնվում եմ Միացյալ Նահանգներում։ Համոզված եմ, որ բոլոր պլաններս իրականանալու են և ես Ձեզ չեմ հիասթափեցնի։
Զրույցը՝ Ալինա Նահապետյանի /Armday.am