Երբևէ չեմ մտածել, որ կարող եմ թշնամի սպանել, բայց պահը եկավ. Ապրելու ապրիլ. Հարություն Բադալյան


Երբևէ չեմ մտածել, որ կարող եմ թշնամի սպանել, բայց պահը եկավ. Ապրելու ապրիլ. Հարություն Բադալյան
Ապրիլ 1 17:51 2017

Armday.am-ը ապրիլյան պատերազմի տարելիցին ընդառաջ զրուցել է քառօրյային մասնակցած և զորացրված զինծառայողների հետ և գրի առել նրանց մտքերը պատերազմի, կյանքի ու ապրիլի մասին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆ - ԼՂՀ ՊԲ զինծառայող, կրտսեր սերժանտ, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ:

-Մեկ տարի առաջ՝ այս ժամանակ, դեռ ծառայության մեջ էի, արդեն 90 օր էր մնացել զորացրվելուս: Մտածում էի, թե քաղաքացիական կյանքում ոնց եմ կյանքս դասավորելու, ինչ պետք է անեմ, ծառայության ժամանակ մինչև դեպքերը, ճիշտն ասած, քիչ բանի չէի հասել ընդհանուր առմամբ,և գոհ էի իմ դիրքերի ծառայությունից: Արդեն մեկ տարի է անցել դեպքերից, մինչև դեպքերը էլի մտածում էի հայրենիքի համար, բայց ավելի շատ մտածում էի իմ սեփական նպատակների մասին, հիմա՝ հայրենիքի: Նպատակս այն է, որ ազգը դառնա միասնական՝ այնպես, ինչպես ապրիլին ես եմ տեսել:

-Ապրիլը տարավ ամենակարևորը՝ ընկերներիս, հենց ապրիլի 1-ին ընկերս զոհվեց դիպուկահարի կրակոցից: Ապրիլը մի բան տվեց՝ չպետք է մոռանանք, որ պետք է պայքարենք, որ թշնամին միշտ կա: Անգամ ծառայությունից հետո միշտ պետք է ծառայես հայրենիքին՝ քանի դեռ դու այստեղ ապրում ես, քանի դեռ այստեղի հողն ու ջուրն ես վայելում:

-Ծառայությունից առաջ երբևէ չեմ մտածել, որ կարող եմ թշնամի սպանել: Այդ հարցը ինձ դիրքերում շատ էին տալիս ծառայակից ընկերներս, իսկ ես, սովորաբար, ապագային վերաբերվող հարցերին միշտ պատասխանում եմ՝ չգիտեմ, պահը գա, կերևա ու պահը եկավ…կարողացա:

-Այդ պահին չեմ հասցրել ինչ որ բան զգալ, քանի որ հակառակորդները շատ էին, երկրորդին երբ խփեցի, երրորդին գռանատով վիրավորեցի, սկսվեցին իրենց ցավի գոռոցները, այդ ժամանակ ուզում էի ավելի շատ հակառաորդ ոչնչացնել ու դրա համար հետևներից ընկա, բայց դե ես էլ էի վիավոր: Երբ դուրս էի գալիս, մենակ մի բան եմ հասցրել մտածել, որ կմահանամ… Ես գիտեի, որ արդեն շանս չունեմ, ինչքան կարող եմ շատ հակառակորդ պիտի ոչնչացնեմ, բայց ստացվեց այնպես, որ, ինչպես դիրքերում էինք ասում, սաղ մնացինք:

-Կարոտում եմ ծառայությունը, դիրքերն եմ կարոտում, շատ եմ ուզում բարձրանալ դիրքեր: Անպայման բարձրանալու եմ նորից՝ ստուգելու: Ես իմ դիրքը շատ-շատ էի սիրում, մինչև ապրիլ իմ կյանքը ևս կարոտում եմ, բայց դա թող մնա կարոտ, մենք շարժվենք առաջ, որովհետև հնով ապրելը, ինձ թվում է, սխալ է:

-Ապրիլը կիսատ շատ բաներ թողեց: Եթե, իհարկե, Աստված չանի, պատերազմը կրկնվի, պետք է նորից գնանք՝ այս անգամ մինչև վերջ: