Արցախում զոհված զինծառայող Արայիկ Մատինյանի զորացրվելուն 6 ամիս էր մնացել


Արցախում զոհված զինծառայող Արայիկ Մատինյանի զորացրվելուն 6 ամիս էր մնացել
Հունիս 17 11:27 2017

Արցախում երեկ՝ հունիսի 16-ին, հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արայիկ Մատինյանը Լոռու մարզի Շնող գյուղից էր:

Armday.am-ի հետ զրույցում Շնողի գյուղապետ Դավիթ Ղումաշյանը նշեց, որ զինծառայողի զորացրվելուն 6 ամիս էր մնացել:

«Անապահով ընտանիքից էր, ունի քույր, ով ուսանող է: Վեց ամիս էր մնացել, որ ավարտի ծառայությունը: Աշխատող տղա էր,  շատ լավ երեխա էր»,-ասաց Ղումաշյանը՝ հավելելով, որ գյուղում ցնցված են Արայիկի զոհվելու լուրից:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):