Մենք միասին մի միջոցառման ենք մասնակցել, դուրս ենք եկել, ես միջանցքում շնորհակալություն եմ հայտնել իրեն Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպման մասին լուրերին:
«Տիխանովսկայան իր ելույթում բավական դրական է արտահայտվել Հայաստանի վերաբերյալ: Եթե դուք նայեք տիկին Տիխանովսկայայի ելույթը, և ընդհանրապես, պետք է արձանագրեմ, որ այդ միջոցառման ընթացքում շատ ակնհայտ էր ԵՄ-ի և ներկա գտնվող մեր գործընկերների արձանագրումներն ու արձագանքները Հայաստանի վերաբերյալ:
Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել թե իրեն, թե մնացած այն գործընկերներին, որոնք դահլիճում Հայաստանի շահերը պաշտպանում էին: Մենք ոչ մի բան չենք խոսել, ես նույնիսկ այդ տղայի գոյության մասին չգիտեի»,- նշեց Սիմոնյանը: